Այսօր Երևան են ժամանել Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետներ ու մասնակցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի հանդիպմանը:
Երևանյան հավաքին մասնակցել են Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամադ-Գուլիևը և Թուրքիայի ԱԳՆ բազմակողմ տնտեսական համագործակցության տնօրինության ղեկավար Օմեր Գուչուքը: Նրանք Երևանում լրագրողների հարցերին չցանկացան պատասխանել: Հանդիպումից հետո ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը անթույլատրելի որակեց տնտեսական կազմակերպությունում քաղաքական հարցեր բարձրացնելու «որոշ փորձեր». «ՍԾՏՀ- ն տարածաշրջանային տնտեսական համագործակցության կառույց է, այդ պատճառով անթույլատրելի են փորձերը՝ քաղաքականացնելու կազմակերպության գործունեությունը իր լիազորությունների շրջանակը գերազանցող և կանոնադրությանը հակասող քաղաքական փաստաթղթեր ընդունելու եղանակով»:
Ադրբեջանը պարբերաբար տնտեսական կառույցում բարձրացնում է հարցեր ղարաբաղյան խնդրի վերաբերյալ. «Հատկապես Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին է վերաբերում: Եթե հիշում եք, անցյալ տարի Կիևում կայացավ այդ հարթակի հերթական նիստը, ինչ-որ մի բանաձև ընդունվեց, որի քննարկմանը հայկական պատվիրակությունը չէր հրավիրվել: Նաև ներկա չէր այդ նիստին Ռուսաստանի պատվիրակությունը: Պարբերաբար, Ադրբեջանի կողմից այս հարթակում փորձում են բարձրացնել Ղարաբաղի խնդիրը, ասելով, որ այդ խնդրի պատճառով տնտեսական ծրագրերը չեն իրականացվում և համագործակցությունը լիարժեք չէ: Մենք դեմ ենք հենց այդ դրսևորումներին, որ զուտ տնտեսական կառույց է, և դրա զարգացման, խորացման համար ստեղծված կազմակերպությունը օգտագործվի քաղաքական նպատակներով և քաղաքական ինչ-որ շահեր հետապնդելու, քաղաքական դիրքորոշումներ արտահայտելու համար: Դրա մասին մենք բազմիցս տարբեր առիթներով խոսել ենք, այդ թվում և ԱԳ նախարարի մակարդակով»` ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Երևանյան նիստում Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել կազմակերպության նախագահությունը: